Foto

Մակրոնի հեռանալուց հետո 2,3 մլն եվրո կհատկացվի նրա սենյակի կահավորման համար․ Politico

Ֆրանսիայի իշխանությունները 2,3 մլն եվրո են նախատեսել նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման ավարտից հետո նրա գրասենյակների կահավորման համար։ Ինչպես հայտնում է Politico-ն՝ հղում անելով խորհրդարանական զեկույցին, այդ գումարով առաջիկա վեց տարիների ընթացքում կփոխհատուցվեն նաև տարածքի վարձակալության, կոմունալ ծառայությունների և անվտանգության ծախսերը։

Այդ գումարը ներառված է Ֆրանսիայի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում, որն այժմ քննարկվում է խորհրդարանում։ Ընդ որում, դատելով ամենից, Մակրոնը դեռ չի կողմնորոշվել, թե հետագայում որտեղ է աշխատելու։

Ելիսեյան պալատում նախատեսված ծախսերն անվանել են նախկին նախագահների փորձի վրա հիմնված «նախազգուշական քայլ»։

Ֆրանսիայի նախկին նախագահներին ցմահ արտոնություններ են հասնում՝ թոշակ, գրասենյակ, վարորդով ծառայողական մեքենա և ոստիկանական պահպանություն։ Պաշտոնը թողնելուց հետո՝ առաջին հինգ տարիներին, նրանք իրավունք ունեն նաև մինչև յոթ աշխատակից վարձելու, իսկ հետագայում այդ թիվը կրճատվում է մինչև երեքի։

Ներկայումս այդ արտոնություններից օգտվում են երկու նախկին նախագահներ՝ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, որոնցից վերջինս որպես պատգամավոր վերադարձել է խորհրդարան։ Անցած ամիս Օլանդը հայտնել էր, որ նախկին աշխատանքի համար տրվող վճարներից և ներկայիս եկամուտներից զատ՝ ամսական 5 հազար եվրո նախագահական թոշակ է ստանում։

Ֆրանսիայի նորագույն պատմության ամենաերիտասարդ նախագահը՝ Մակրոնը, պաշտոնից հեռանալու պահին կլինի 49 տարեկան։ Նա խոստացել էր հրաժարվել նախագահական թոշակից, սակայն ապագայի իր ծրագրերը դեռ չի բացահայտում։

Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս առաջադրվել երրորդ անընդմեջ ժամկետով, սակայն իր հաջորդի պաշտոնավարումից հետո նա կրկին կկարողանա մասնակցել ընտրություններին։ Մակրոնը նման հնարավորությունը չի բացառել։