Foto

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում» ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է․ հայտարարություն

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման հայտարարությունը․

«2026 թվականը շրջադարձային է Հայաստանում ժողովրդավարական համակարգերի, հատկապես ընտրական հաստատությունների բացահայտ ճգնաժամի առումով։ Մեր այս գնահատականը ամրագրվել է նաև ԵԽԽՎ ահազանգող զեկույցում։ Հայ հասարակության և կառույցների հիմնական մասը համոզված է, որ ԲՀԿ մանդատներն ինքնիրավչությամբ զրոյացվել են, երբ առերևույթ վիճելի ճանաչված ընտրատեղամասերում կրկնական ընտրություններ չեն նշանակվել՝ փաստացի ոտնահարելով ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը։

Այս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր թեկնածուներ չեն առաջադրվել, և դրա պատճառն ակնհայտ է՝ համայնքային գործիչներն արդեն իրենց աչքի առջև ունեն իշխանական լծակների բիրտ ճնշման նախադեպերը, գործադրի կողմից ուղղորդվող իրավապահ և դատական համակարգերի կամայական որոշումները, որոնց հետևանքով անգամ ընտրված և ընտրություններում հաղթող ճանաչված ՏԻՄ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ կալանավայրերում են, անվերջանալի դատական գործընթացներում, ուստի գերադասում են հեռու մնալ ընտրություններից, որոնցով այդպես էլ ոչինչ չի փոխվում։

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է․  ՀՀ քաղաքացին կորցրել է հավատը Հայաստանում ընտրական համակարգի անաչառ և արդյունավետ լինելու հանդեպ, որը «ժողովրդավարության բաստիոն» հռչակված պետության պարագայում բացարձակ խայտառակություն և ձախողում է։ Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների բռնի «մահվան» վերջին արարներից մեկը Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և նրա 13 աջակիցների ձերբակալումն ու հաջորդող կալանավորումն է ընտրությունների օրվանից 4 օր առաջ արդեն հերթապահ դարձած «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով։ ՀՀ-ում, ինչպես վարչապետ Փաշինյանն է համոզված, ընդդիմադիրներին ձայն տված կամ ապագայում տվող քաղաքացիները «ընտրակաշառու» են, ընդդիմադիրները՝ «կաշառատու», և միմիայն ՔՊ-ի ձայներն են «արդար»։

«Միասին» շարժումը պահանջում է ԿԸՀ-ից, Հակակոռուպցիոն կոմիտեից և ողջ իրավապահ համակարգից խզել արատավոր շղթան, վերադառնալ իրենց սահմանադրական գործառույթներին՝ հիշելով, որ բռնապետական հակումներով անձինք անցողիկ են, իսկ օրենքը, ժողովրդավարական կառավարման համակարգերը՝ մնայուն։ Մենք չպետք է թույլ տանք ՀՀ քաղաքացիներից խլել ընտրական իրավունքը, պիտի կասեցնենք ընդդիմադիրների հանդեպ բռնաճնշումների աննախադեպ ալիքը։ «Միասինը» համոզված է, որ միջազգային հանրությունը ևս չպետք է աչք փակի ՀՀ-ում ՔՊ իշխանության ընտրական համակարգի յուրացման գործընթացների հանդեպ՝ ինչ-ինչ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով»։