«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատանը մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել բժշկական կենտրոնը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ծննդկանն օրեր առաջ մարզային ծննդատնից ուղեգրվել է երրորդ կարգի ծննդատուն, որպես բարձր ռիսկի հղիություն։ Հղիների ախտաբանության բաժանմունքում կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները, սահմանվել է հսկողություն և բուժում, ախտորոշվել է 28 շաբաթական հղիություն՝ պտղի աճի հապաղումով (ինչը համապատասխանում է 22-23 շաբաթի), արգանդի 2 սպի, գեստացիոն հիպերտենզիա, պտղի պորտալարի զարկերակի դիաստոլիկ հետադարձ հոսք։ Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով էլ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում։
Նորածինը ծնվել է ծայրահեղ ցածր՝ 530 գրամ քաշով և անմիջապես տեղափոխվել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։Երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հարկ է նշել, որ խորը անհաս ծնված նորածինների ապրելու հավանականությունը նույնիսկ բարձրակարգ նեոնատալ ինտենսիվ թերապիայի պայմաններում շատ ավելի ցածր է, հատկապես, երբ կա պտղի ներարգանդային աճի հապաղում և ցածր քաշ»։
«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել









