«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներով տարածվող զանգվածային պրոցեսները պրոյեկտենք Հայաստանի վրա, որտեղ ընտրություններից հետո լարվածությունը միայն աճեց և անորոշությունը միայն մեծացավ։
Հետևություն 1
Հայաստանը չի կարող կտրված լինել աշխարհում, Եվրոպայում, տարածաշրջանում ընթացող զարգացումներից և ռիսկերից։ Պետք է կարողանալ նայել ու տեսնել լրատվական կադրերից այն կողմ, թե ի´նչ է կատարվում աշխարհում, ո´րն է պրոցեսների միտումը, որո´նք են խորքային պատճառները և մեզ համար հնարավոր ռիսկերը։
Հետևություն 2
Որևէ բանական մարդու, պատասխատանու քաղաքական ուժի և խելամիտ հասարակության նպատակը ո´չ անկարգություններն ու անկայունությունն է, ոչ էլ՝ ճահճացող ռեպրեսիվ «պսևդոկայունությունը»։ Պիտի արձանագրենք. Հայաստանում կան հանրային լուրջ դժգոհություններ, իսկ դժգոհությունների էվոլյուցիան պետք է լինեն լուծումներն ու փոփոխությունները։ Հիմքում էլ պետք է լինի ռացիոնալ միտքը։
Հետևություն 3
Հայաստանում միտքը, ինտելեկտը մարգինալացվում են, և քաղաքական ու պետական մտածողության փոխարինիչը լայքահավաքությունն է։ Սա ստեղծում է «մտքից ազատ» միջավայր, որտեղ լուծումներ չեն ծնվում։ Սա պետք է փոխվի։
Հետևություն 4
Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար»։ Այսպես մտածելու պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք։ Պայքարը կավարտվի նույն մի քանի հազարանոց երթերով ու Աժ-ում «սուր հարց-կոշտ պատասխան» արարով, որտեղ պատասխանող կողմը միշտ շահելու է։ Փոխել է պետք է երկրում միջավայրը, մթնոլորտը և միայն դրանից հետո պայքարի ձևերը և ֆորմատները կստանան արդյունավետություն։
Հետևություն 5
Պետք է հասարակությանը մասնակից դարձնել սեփական ճակատագրի քննարկմանը և որոշումների կայացմանը։ Խոսքը բոլոր ընտրազանգվածներրի մասին է։ Փաստարկված և սոլիդ խոսքով հանրային կյանք պետք է վերադարձնել բանականությունը։ Այդպես է հնարավոր գալ ճիշտ որոշումների, այդպես է հնարավոր վերագտնել միասնական վտանգի և միասնական պատասխանատվության զգացումը։ Քաղաքական լիդերության խնդիրը պետք է լինի հենց դա։
Հետևություն 6
Ընդդիմության մոնոպոլիա չի կարող լինել։ Մոնոպոլիան և համախմբումը տարբեր բաներ են։ Ընդդիմության մոնոպոլիան նշանակում է արգելափակում՝ առողջ գաղափարների, այլ տեսակետների և հետևաբար՝ տարբեր ընտրազանգվածների, հանրային շերտերի համախմբման։
Հետևություն 7
Հակընդդեմ քաղաքական էլիտաները պետք է դադարեն միմյանց ոչնչացնելու մոլուցքը։ Սա պետք է արտահայտվի մտածողության վերանայմամբ, հանրային պատշաճ խոսույթով և բոլոր քաղաքական կալանավորների ազատ արձակմամբ։ Ոչ մի քաղաքական ուժի խնդիրը չպետք է լինի դիմացինին ոչնչացնելու իդեան։
Հետևություն 8
Պետք է վերանայվի «ընդդիմություն» հասկացությունը: Ընդդիմությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան՝ որևէ կուսակցություն կամ խմբակցություն։ Ընդդիմությունը ոչ միայն խոսույթն է, այլև՝ կառուցվածքային համակարգը։ Ընդդիմությունը լուծումներ և ժողովրդին ամբողջական հեռանկար առաջարկող համակարգն է և հենց դրանով պետք է դառնա այն բաց դուռը, ուր կգան տարբեր ընտրազանգվածներից հատվածներ։
Հետևություն 9
Հայաստանի հանրային կյանք պետք է վերադարձվի բարոյականությունը։ Մենք վերածվել ենք գիշատիչ հասարակության, որտեղ նորմալ է ամեն այլանդակություն հանդուրժել կամ մասնակիցը դառնալ՝ ցանկացած ինքնարդարացմամբ։
Հետևություն 10
Ազատության և արդարադատության գաղափարը պետք է դառնա լայն համախմբման և ներհանրային հաշտության առաջնային օրակարգ։ Բոլոր քաղբանտարկյալների պետք է ազատ արձակվեն, ռեսպրեսիվ մեքենան պետք է կանգնեցվի։
Ամփոփում
Վստահաբար, այլոք կառաջարկեն նաև այլ ճիշտ քայլեր, ոմանք էլ գուցե մասնակիորեն չեն համաձայնվի իմ առաջարկություններին։ Բայց այս քայլերը կբերեն միջավայրի փոփոխության։ Դրա շնորհիվ հասարակությունը և պետությունը կդառնան էապես ավելի դիմակայուն։ Իմ տեսլականը սա է։ Դրանից հետո կերևան ճիշտ լուծումները, և մենք ավելի պատրաստ կլինենք հնարավոր համաշխարհային և ռեգիոնալ ռիսկերին։
Բանականությունը պետք է վերադառնա մեր կյանք. սարսափելի է հիշել, բայց մի 6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից»։









