Հռոմի պապ Լևոն XIV-ը ապաքինվում է թոքից չարորակ գոյացությունը հեռացնելու վիրահատությունից հետո, հայտնում են նրան բուժող բժիշկները։
«Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս վիրահատված թոքի լավ ապաքինում։ Նա կարողանում է ինքնուրույն կատարել առօրյա գործողությունները։ Ֆիզիոթերապիայի սեանսները ներառել են շարժումների ամբողջական ծավալ։ Ընդհանուր առմամբ, հետվիրահատական ապաքինման ընթացքը բարենպաստ է», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը 71-ամյա Պապը ենթարկվել է վիրահատության՝ աջ թոքի ստորին բլթի հեռացման նպատակով։ Հյուսվածաբանական հրատապ հետազոտությունը հաստատել է թոքի ադենոկարցինոմայի (չարորակ ուռուցքի) ախտորոշումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետվիրահատական ապաքինումը կտևի մեկ շաբաթ։
Նախատեսվում է, որ նոյեմբերի սկզբին Պապը կմեկնի 12-օրյա առաքելական ուղևորության դեպի Լատինական Ամերիկա՝ մասնավորապես Ուրուգվայ, Արգենտինա և Պերու։ Նրա հոսպիտալացումը քննարկումների տեղիք է տվել ուղևորության հնարավոր հետաձգման վերաբերյալ, քանի որ այն ենթադրում է երկարատև թռիչք։ Այնուամենայնիվ, Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պապը դեռևս մտադիր է իրականացնել այդ այցը։









