ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ապարանի արվեստի դպրոցում ներկա է եղել եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը։ Կինոդիտումը կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների «Տանիքը՝ Հայաստան» փառատոնի շրջանակում, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է, որ «Տանիքը՝ Հայաստան» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին՝ Ազգային փոքրամասնությունների օրվա շրջանակում։
«Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կինոյի միջոցով ավելի լավ ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ բացահայտելով համայնքների գործունեությունը, ինչպես նաև մեր երկրում ապրող ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ինքնությունն ու կենսակերպը։ Առանձնակի կարևորություն ունի ծրագրի ապակենտրոնացված ձևաչափը և մարզերում մշակութային միջոցառումների կազմակերպումը, ինչը նախարարության ընդհանուր քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Այս խոսքերն առանձնահատուկ վստահությամբ եմ ասում Ապարանում, որն իր օրեցօր զարգացող և ավելի գրավիչ դարձող միջավայրով կարող է օրինակելի լինել մեր բազմաթիվ բնակավայրերի ու քաղաքների համար»,- նշել է նախարարը՝ կարևորելով վերականգնվող և նոր հիմնադրվող մշակութային և երիտասարդական միջավայրերում տարբեր միջոցառումների շարունակականության ապահովումը։
Անդրադառնալով «Տանիքը՝ Հայաստան» կինոնախագծին՝ նա կարևորել է ստեղծագործականության դերը հասարակության զարգացման գործում՝ հատկապես շեշտելով երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման և խթանման անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ պետական և համայնքային տարբեր ծրագրերի շրջանակում ստեղծվող միջավայրերն ու տարածքները միտված են ստեղծագործական գործունեության խրախուսմանը և հանրային կյանքի ակտիվացմանը։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը նաև ծանոթացել է Ապարան քաղաքի բարեկարգման աշխատանքներին և այցելել նոր կառուցված այգի, որն արդեն դարձել է բնակիչների, այդ թվում՝ երեխաների ժամանցի և հանգստի վայր։
Կինոդիտման ավարտին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ևս խոսել է իր տպավորությունների մասին՝ նշելով, որ ֆիլմը բավականին հուզիչ և ազդեցիկ է։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։
Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում անցկացվող «Տանիքը՝ Հայաստան» մեկամսյա կինոծրագիրը նվիրված է ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին։ Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ, որոնք ներկայացնում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, պատմական հիշողությունն ու առօրյան։
Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։
Կինոցուցադրություններն անցկացվում են Երևանում, Արարատի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում։









