Viva-ն և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը շարունակում են համագործակցել «կանաչ» մտածողության շրջանակում: 2022 թվականից գործընկեր կազմակերպություներն իրականացնում են անտառապատման ծրագրեր՝ երկարաժամկետ դրական ազդեցություն ապահովելով երկրի անտառային էկոհամակարգերի կայուն ընդլայնման, կենսաբազմազանության ապահովման և այդպիսով` բնական աղետների վտանգի նվազեցման ուղղությամբ: Աշխատանքը պահանջում է նվիրում և համբերություն՝ սերունդների անվտանգ ու ապահով կեցությունն ապահովելու համար: Տեղական ամենատարբեր անտառային ծառատեսակների սերմերից աճեցված՝ փակ և բաց արմատային համակարգերով ծառերն ու թփերը տնկարանից անտառ են տեղափոխվում որպես ապագա անտառի սկիզբ:
Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը համագործակցության ամբողջ ընթացքում, անտառաստեղծման աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի երեք տարբեր տարածաշրջաններում: Բոլոր տարածքներն ընտրվել են ոչ միայն նպաստավոր կլիման հաշվի առնելով, այլև տեղանքում հնարավոր սողանքները կանխելու տրամաբանությամբ: Այս տարի աշխատանքները կազմակերպվել են Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում: Ստեղծվող անտառը կրելու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը:
«Որևէ երկիր երաշխավորված չէ բնական աղետներից, բայց կարող է ջանքեր գործադրել՝ հնարավոր վտանգների նվազեցման ու կենսաբազմազանության ապահովման համար: Սա ոչ թե մեկանգամյա ծառատունկի ակցիա է, այլ երկարաժամկետ արդյունքների միտված ռազմավարություն: Մենք առաջնորդվում ենք երկարաժամկետ մտածողությամբ: Համատեղ ջանքերով, ձգտում ենք ավելացնել Հայաստանի անտառածածկը, ինչն իր հերթին կպաշտպանի տեղի կենսաբազմազանությունը և կնպաստի ջրային ռեսուրսների հավասարակշռությանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Ձորաշենի լեռնային տարածքն առանձնանում է հարուստ հրաբխային հողերով, բաց լանդշաֆտով և հողի բնական խոնավությունը պահպանելու գերազանց առանձնահատկությամբ: Դա թույլ կտա իդեալական միջավայրում տնկել ծառերի ու թփերի տեղական տեսակներ և ձևավորել կենսունակ էկոհամակարգ: Գործընկեր կազմակերպությունների դիրքորոշումը համահունչ է ոլորտի խնդիրներով հետաքրքրված միջազգային կառույցների մոտեցմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 13-ը նշվում է որպես Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր։
«Viva-ն ամեն տարի է մասնակցում անտառվերականգնման մեր գործին, և սա ցույց է տալիս ընկերության լուրջ ու հետևողական վերաբերմունքը մեր բոլորի առջև ծառացած բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Շատ ուրախ ենք, որ մեր գործընկերն այս տարի որոշել է մասնակցել Շառլ Ազնավուրի անվան անտառի ստեղծմանը, քանի որ սա միաժամանակ և՛ բնապահպանական, և՛ սոցիալական ազդեցություն ունեցող գործ է, նաև մեծ տուրք է մեր հռչակավոր հայրենակցին, որն այնքան շատ բան է արել հենց այս տարածաշրջանի համար»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:
Մեկ հեկտար անտառ ստեղծելն արագ գործընթաց չէ: Սկզբնական կենսունակությունն ապահովելու համար պահանջվում է նվազագույնը՝ երեք, երիտասարդ կայուն տնկարկի ձևավորման համար՝ 10-15, լիարժեք հասուն անտառային էկոհամակարգ ունենալու համար՝ ավելի քան 50 տարի: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում Viva-ի և «Իմ անտառ Հայաստան»-ի համատեղ ջանքերով տնկվել է ավելի քան 56 000 ծառ, մոտ 19 հեկտարի վրա իրականացվել են անտառի ձևավորման աշխատանքներ:









