Foto

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Բելառուսի ՆԳՆ թմրամիջոցների վերահսկման և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարությանը, աշխատակիցներին և վետերաններին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծառայության ստեղծման 30-ամյակի առթիվ։
Շնորհավորական ուղերձում Սեմերիկովը նշել է, որ տասնամյակներ շարունակ Բելառուսի թմրամիջոցների շրջանառության վերահսկման ստորաբաժանումները հանդես են եկել բազմաթիվ նախաձեռնություններով՝ ուղղված կազմակերպության անդամ պետությունների ջանքերի ակտիվացմանն ու համակարգմանը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու նպատակով։

Նրա խոսքով՝ Բելառուսի նախաձեռնությամբ կազմակերպված ՀԱՊԿ հակաթմրանյութային «Կանալ-Արևմուտք», «Կանալ-Արևմտյան պատնեշ», «Կանալ-Նեման» և «Կանալ-Արևմտյան Դվինա» գործողություններն արդյունավետ են եղել։ Այդ չորս գործողությունների ընթացքում մասնակից երկրների տարածքներում թմրավաճառներից առգրավվել է ավելի քան 26 տոննա թմրամիջոց, հոգեմետ և ուժեղ ներգործող նյութ։

Սեմերիկովը նաև ընդգծել է, որ Բելառուսում թմրամիջոցների շրջանառության հետ կապված իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքներն արտացոլվում են անդրազգային թմրախմբավորումների դեմ պայքարում արձանագրված ցուցանիշներում

Նրա խոսքով՝ թմրանյութերի սպառնալիքների չեզոքացմանն ուղղված՝ բելառուս գործընկերների մշակած և իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններ ու ճանապարհային քարտեզներ ստացել են Բելառուսի ՆԳՆ ղեկավարության և Անվտանգության խորհրդի աջակցությունը և օրինակ են ծառայում ՀԱՊԿ անդամ ու այլ պետությունների համար։

«Կարելի է վստահորեն արձանագրել, որ բելառուսական թմրանյութերի վերահսկման ծառայության աշխատակիցները, համագործակցելով Բելառուսի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ, հուսալիորեն պաշտպանում են մեր պետությունները Արևմուտքից արգելված թմրամիջոցների և դրանց անալոգների ներթափանցումից», — նշել է Սեմերիկովը։

Նա հավելել է, որ Բելառուսի և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների հակաթմրանյութային ծառայությունների հետ փոխգործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և փոխըմբռնման վրա, կարևոր ներդրում է պետությունների անվտանգության սպառնալիքներին համատեղ դիմակայելու գործում։

Սեմերիկովը մաղթել է Բելառուսի ՆԳՆ հակաթմրանյութային ստորաբաժանումների ղեկավարությանն ու աշխատակիցներին հետագա հաջողություններ իրենց պատասխանատու աշխատանքում։