Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։
Իշխող քաղաքական ուժը ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշումներով և եկեղեցական գործունեության արհեստական խոչընդոտմամբ փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։
Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, Եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար։ Ստեղծված քննիչ հանձնաժողովին վերապահվել են օրենքով չնախատեսված լիազորություններ և իրավասություններ՝ Եկեղեցու կանոնական իրավասու մարմինների փոխարեն որոշելու Եկեղեցու ներքին կյանքին և կառավարմանը վերաբերող տարբեր հարցերի կանոնական պատշաճությունը։
Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որևէ կերպ արդարացված չեն Եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը։
Ի սկզբանե կեղծիքներով, զրպարտություններով ու մոլորություններով հիմնավորված այս գործընթացն անխուսափելիորեն բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, առաջ է բերելու նոր պառակտումներ, հասարակության մեջ տեղիք է տալու թշնամանքի ու անհանդուրժողականության։ Մինչդեռ հայրենի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պարտավորեցնում են ամենքիս լինել միասնական, համերաշխ և հաստատակամ։ Հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին պահպանել հոգևոր զգոնությունն ու աղոթական հանդարտությունը և հակաեկեղեցական մերժելի այս երևույթների հանդեպ իրենց դիրքորոշումն արտահայտել միմիայն արժանապատիվ ու օրինական եղանակներով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց Եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները։









