Foto

Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Զովունի բնակավայրի 23-րդ փողոցում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով էլ «Kia» բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Opel»-ի վարորդը 30 րոպեից ավելի զանգահարում էր «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, սակայն այնտեղից չէին պատասխանում զանգին, ինչն արդարացիորեն զայրույթ էր առաջացնում վարորդի մոտ։