Foto

Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ուղևորատար ավտոբուսների վրա ռուսական օդային հարվածի հետևանքով զոհվել է 30 մարդ, վիրավորվել՝ 18-ը։

Այս մասին հայտնել է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինին և մարզային դատախազությանը։

Ըստ թերթի՝ հարվածը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին, մոտավորապես ժամը 10:00-ին։ Թիրախ են դարձել երկու ուղևորատար ավտոբուսներ։

Սկզբնական հաղորդագրությունները վկայում էին 12 զոհի և 14 վիրավորի մասին։ Սակայն Դոնեցկի մարզի դատախազությունը ավելի ուշ հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 30-ի, իսկ վիրավորներինը՝ 18-ի։

Ըստ ուկրաինական կողմի՝ ավտոբուսները, ենթադրաբար, հարվածվել են ճշգրիտ կառավարվող ռումբերով։