ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):
Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչը կիսվել է տպավորություններով՝ անդրադառնալով մրցավեճի ընթացքին և հայկական թիմի դիմադրությանը։
«Առաջին չորս-հինգ րոպեներից հետո, երբ հայերն ավելի լավ տեսք ունեին, մենք նախաձեռնությունը վերցրինք մեր ձեռքը, ամբողջ խաղի ընթացքում վերահսկում էինք գնդակը և տարածություն էինք փնտրում նրանց դարպասին սպառնալու համար։ Սակայն մենք դանդաղ էինք տեղաշարժվում, իսկ գնդակի վերահսկողությունն անօգուտ էր։ Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու, բայց վաստակեցինք մեկ միավոր»,- նշել է Վուչինիչը։
Խոսելով խաղավերջում տասը հոգով մնալու և Հայաստանի հավաքականի գործողությունների մասին՝ մասնագետը հավելել է.
«Ինձ ուրախացնում է, որ նույնիսկ մեկ խաղացող պակաս ունենալով՝ մենք ձգտում էինք հաղթանակի։ Տղաները բնավորություն ցույց տվեցին և նույնիսկ դաշտում ինը հոգով մնալով առաջ էին գնում։ Հայաստանը Պոդգորիցայում ցույց տվեց, թե որքան պետք է արյուն-քրտինք թափենք յուրաքանչյուր հաղթանակի համար։ Հեշտ խաղեր չեն լինում։ Հասկանում եմ իմ ֆուտբոլիստների տխրությունը, և դա լավ է. մենք առաջինն ենք, բայց նրանք դժգոհ են բաց թողած հնարավորությունից, ինչը նշանակում է, որ մենք դրական բան ենք կառուցում»։
Այս տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։









