Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթում հաղթել է չինական, արաբական ու հայկական ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Կոնսորցիումի հիմնական չինական ընկերությունը՝ China Western Power Industrial-ը, տարբեր նախագծեր է իրականացրել Լաոսում, Շրի-Լանկայում, Զիմբաբվերում: Որոշ աղբյուրների համաձայն, ավելի քան 10 տարի առաջ էլ ձախողված մի ծրագիր է ունեցել Հայաստանում։ Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարում էր աղբի վերամշակման գործարանի կառուցման գործում ֆրանսիական ու պորտուգալական ընկերությունների ներգրավման մասին։
Երևանում խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման գործընթացի մրցութային փուլը մեկնարկեց անցած տարի։ Երկփուլ մրցույթի առաջին փուլին մասնակցել էին 4 ընկերություններ, որոնցից միայն երկուսն էին հասել երկրորդ փուլ, որտեղ էլ նախապատվությունը տրվել է չինա-արաբա-հայկական ընկերությունների կոնսորիցումին։ Քաղաքապետարանը չի մանրամասնել, թե որն էր երկրորդ փուլ հասած մյուս ընկերությունը ։
Երևանի քաղաքապետարանի տեխնիկատնտեսական հիմնավորումների համաձայն՝ միայն Նուբարաշենի աղբավայրում օրական թափվում է մոտ 600 տոննա աղբ, տարեկան՝ մոտ 200.000 տոննա։ Բնակչության ու բնակչության եկամուտների աճի պայմաններում այս թիվը կայուն աճում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









