Տնտեսության և արտադրողականության, իրականացման և պարզեցման հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հոկտեմբերի 1-2-ն առաջին անգամ աշխատանքային այցով կժամանի Մոլդովայի Հանրապետություն՝ Քիշնևում պաշտոնյաների հետ քննարկելու Մոլդովայի համար նախատեսված «Աճի ծրագիրը», ներդրումները և երկրի տնտեսությունը եվրոպական միասնական շուկային մերձեցնելու հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Moldpres-ը։
Ըստ Մոլդովայում ԵՄ պատվիրակության տվյալների՝ այցի առաջին օրը Դոմբրովսկիսը կհանդիպի նախագահ Մայա Սանդուի, վարչապետ Վասիլե Տոֆանի, կառավարության անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկումները կկենտրոնանան նաև ներդրումների և այն միջոցառումների վրա, որոնք անհրաժեշտ են Մոլդովայի Հանրապետության տնտեսությունը Եվրոպական միության միասնական շուկային մերձեցնելու համար։
Պաշտոնյան կհանդիպի նաև Մոլդովայի ազգային բանկի նախագահ Անկա Դրագուի հետ, որից հետո ելույթ կունենա բանկի ամենամյա համաժողովում՝ նվիրված եվրոպական ինտեգրման գործընթացում տնտեսական քաղաքականության համակարգմանը։
Հոկտեմբերի 1-ին Վալդիս Դոմբրովսկիսը և վարչապետ Վասիլե Տոֆանը հանդես կգան մամուլի ասուլիսով։
Այցի երկրորդ օրը եվրոպացի պաշտոնյան կհանդիպի խորհրդարանի տնտեսության, բյուջեի և ֆինանսների հարցերով հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկումները կընթանան Մոլդովայի կողմից իր տնտեսական քաղաքականությունը Եվրոպական միության քաղաքականությանը համապատասխանեցնելուն ուղղված ջանքերի համատեքստում։









