Foto

ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում․ Մեծ Բրիտանիայի դեսպան

Հայաստանը գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում, ինչը և՛ հնարավորություն է, և՛ ռիսկ Հայաստանի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ միտքը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովում շեշտեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։

«Անվտանգությունը միշտ արդիական խնդիր է։ Մեր ներկայիս անվտանգության միջավայրում սպառնալիքները վերաբերում են պետության և հասարակության բոլոր ոլորտներին։ Ավանդական ռազմական սպառնալիքները մնում են իրականություն, բայց պետություններն ու նրանց քաղաքացիներն այժմ ստիպված են դիմակայել կիբեռհարձակումներին, ապատեղեկատվական արշավներին, տնտեսական հարկադրանքին, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումներին և մատակարարման շղթայի խափանումներին»,- ասաց դեսպանը։

Այս համատեքստում ազգային անվտանգությունն, ըստ նրա, այլևս չի կարող դիտարկվել բացառապես որպես պաշտպանական կառույցների, հետախուզական ծառայությունների ու իրավապահ մարմինների պատասխանատվություն և այլևս չի հանդիսանում բացառապես պետության պատասխանատվության ոլորտ։ Այս մարտահրավերները, դիվանագետի համոզմամբ, պահանջում են ազգային գիտակցում և ազգային մոտեցում՝ ուղղված անվտանգությանը, պաշտպանությանն ու դիմակայունությանը։ Դեսպանի կարծիքով՝ առկա անվտանգային սպառնալիքների պայմաններում քաղաքացիներն ու հաստատությունները չպետք է դիտարկվեն որպես պասիվ դերակատարներ կամ պարզապես զոհեր։

«Հայաստանի հասարակության և հաստատությունների ներուժի արդյունավետ օգտագործումը վճռորոշ նշանակություն կունենա անվտանգության և դիմակայունության ապահովման համապարփակ մոտեցման իրականացման գործընթացում։ Այս համաժողովը դրա վառ օրինակն է. այն համախմբում է տարբեր նախարարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի փորձագետների, ինչպես նաև միջազգային գործընկերների։ Մենք կքննարկենք մարտահրավերներն ու հնարավորությունները։ Անվտանգությունն ու ժողովրդավարական արժեքները փոխադարձաբար ամրապնդվում են: Հայաստանը մնում է դրական, բայց անկայուն դիրքում՝ առաջընթաց գրանցելով երկարատև խաղաղության ուղղությամբ, միաժամանակ բախվելով արտաքին ճնշման: Այս համատեքստում հաշվետվողականության, հանրային վստահության և ինստիտուցիոնալ որակի ապահովումը դառնում է ազգային անվտանգության առաջնահերթություն»,- ասաց Քոուլը:

Մանրամասն՝ սկզբանղբյուրում։