«Փաստ»-ի տեղեկություններով, Հայաստանի կոմպոզիտորների միության մի շարք անդամներ հայտնում են, որ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը նախատեսվում է երկարաժամկետ վարձակալության հանձնել արտասահմանյան մի ընկերության՝ գործարկման, վերանորոգման և պահպանման նպատակներով։ Կոմպոզիտորները մտահոգ են՝ տունը կպահպանի՞ իր առաջնային դերակատարությունը և արդյո՞ք կշարունակեն օգտվել իրենց արտոնություններից։
Թերթը հուլիսի 31-ին գրավոր հարցմամբ դիմել է միությանը, սակայն պատասխան չի ստացել։ Միության նախագահ Արամ Սաթյանը հաստատել է հարցման ստացումը և նշել, որ չեն արձագանքի, քանի որ «պատասխանելու բան չկա»։
Սաթյանի խոսքով՝ թեման քննարկվել է վարչությունում, կա գաղափար և որոշ գործընթաց, սակայն առարկայական արդյունք դեռ չկա, իսկ լինելու դեպքում կտեղեկացնեն պատշաճ կարգով։ Նա հավելել է, որ ինչ ընթացք էլ լինի, միության անդամների արտոնությունները չեն կորցվի, մյուս հարցերին չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ խոսելու բան դեռ չկա։









