Foto

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Թե ինչ հոդվածով է վարույթ հարուցվել, այս պահին իրավասու կառույցները չեն հայտնում՝ նշելով, որ գրավոր հարցմանն ի պատասխան կարձագանքեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ Կառավարության նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գործարար Նարեկ Նալբանդյանին, որն, ըստ մամուլի, արտոնություններ ունի և վայելում է Փաշինյանի ընտանիքի սերը, ասաց․ «Սրտի օլիգարխ չունեմ, Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է մեր ընտանիքին» և հանձնարարեց իրավապահներին վարույթներ նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք գործարար Նարեկ Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ։ Ինչպես նաև Փաշինյանի մոտ զայրույթ է հարուցել այն հանգամանքը, որ Նալբանդյանը հերքումներով հանդես չի գալիս։

Քիչ առաջ, սակայն, գործարար Նարեկ Նալբանդյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ»։

Մերի Մանուկյան