Հյուսիսային Կիպրոսում Կիրենիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետաքննության շրջանակներում ձերբակալվել են Ադրբեջանի երեք քաղաքացիներ։
«Հյուսիսային Կիպրոսում ութ մարդու կյանք խլած նավաբեկության հետաքննության շրջանակներում ձերբակալվել են Ադրբեջանի երեք քաղաքացիներ։ Մեկ այլ Ադրբեջանի քաղաքացու ինքնությունը պարզվում է», – ասվում է հայտարարության մեջ։
Նավաբեկությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ «Filo Jet» արագընթաց ուղևորատար նավը իր սովորական երթուղով ընթանում էր Կիրենիայի (Կիպրոս) և Թուրքիայի Մերսին քաղաքի միջև։ Նավահանգստից դուրս գալուց կարճ ժամանակ անց նավում ջուր է լցվել։ Անձնակազմը փորձել է վերադառնալ նավահանգիստ, սակայն նավը շրջվել և խորտակվել է ճանապարհին։ Ութ մարդ մահացել է, ևս 20-ը անհետ կորած են, փրկարարներին հաջողվել է տարհանել 241 ուղևորի։









