Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու, ինչպես նաև նեղուցի ջրային տարածքն ականազերծելու շուրջ։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է IRNA-ն՝ հղում անելով երկու երկրների համատեղ հայտարարությանը։
«Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության վերականգնման շուրջ խորհրդակցությունների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Օմանի Սուլթանությունը պայմանավորվել են ստեղծել ժամանակավոր համատեղ ծովային միջանցք և իրականացնել նեղուցի ականազերծման համատեղ ծրագիր», – ասվում է փաստաթղթում։
Կողմերը կշարունակեն տեխնիկական բանակցությունները՝ նեղուցով նավերի տեղաշարժի մշտական երթուղին որոշելու նպատակով։ Թեհրանն ու Մասկատը նաև կքննարկեն նեղուցի և դրանով իրականացվող ծովային հաղորդակցության կառավարման ապագա ձևաչափը, տեղեկատվության փոխանակման համակարգը, ինչպես նաև նավագնացության համար անհրաժեշտ անվտանգության և այլ ծառայությունների տրամադրումը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի և Օմանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Բադր ալ-Բուսաիդին բանակցություններ են անցկացրել Թեհրանում։
Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ հարված կհասցնի Օմանին, եթե երկիրը շարունակի Իրանի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցի շուրջ։
Միևնույն ժամանակ, երեքշաբթի Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն իրեն հայտնել է նեղուցի բոլոր ականների ոչնչացման մասին։
Դրանից առաջ՝ օգոստոսի 18-ին, Թրամփն արդեն հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ ականազերծված է և բաց է նավագնացության համար։









