Foto

Խաղացողներն էլ պետք է շարժեն իրենց հետույքը․ Միշել Տեր Զաքարյանը հեռացվեց Նանտից

Ֆրանսիական «Նանտը» Լիգա 2-ի մեկնարկային երեք տուրերում կրած նույնքան պարտություններից հետո պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Միշել Տեր Զաքարյանին։ Երկուշաբթի երեկոյան ակումբի ղեկավարությունը հայտնել է մասնագետին համագործակցությունը խզելու որոշման մասին։

63-ամյա հայազգի մարզչի երրորդ վերադարձն ակումբ (նախկինում նա գլխավորել էր թիմը 2007-08 և 2012-16 թթ.՝ երկու դեպքում էլ օգնելով վերադառնալ բարձրագույն խումբ) տևեց ընդամենը մի քանի շաբաթ։ Ղեկավարության համբերության բաժակը լցվեց շաբաթ օրը, երբ «Նանտը» սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց «Ռոդեզից» (2:5), այն դեպքում, երբ ընդմիջմանը հաղթում էր 2:1 հաշվով։

Նախորդ մրցաշրջանում Լիգա 1-ից դուրս մնացած «Նանտը» 4-րդ տուրի՝ «Գենգանի» դեմ արտագնա խաղից առաջ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Սպասվում է, որ Վալդեմար Կիտայի նախագահության օրոք թիմը կնշանակի արդեն 24-րդ մարզչին։ AFP-ի տեղեկություններով՝ գլխավոր թեկնածուն «Ռեդ Սթարի» նախկին մարզիչ Գրեգորի Պուարիեն է, քանի որ Անտուան Կոմբուարեն մերժել է երրորդ անգամ ակումբ վերադառնալու առաջարկը:

Միշել Տեր Զաքարյանի կայծակնային հեռացումը նոր ու տխուր հակառեկորդ է ակումբի պատմության մեջ հիմնական մարզիչների պաշտոնավարման տևողությամբ. ընդամենը 3 պաշտոնական խաղ։ Այս ցուցանիշով նա շրջանցեց Միգել Կարդոսոյին, Ռայմոն Դոմենեկին և Վահիդ Հալիլհոջիչին, որոնք ղեկավարել էին 8-ական խաղ:

«Նանտի» նախկին պաշտպանի հրավերը ի սկզբանե զարմանք էր առաջացրել մասնագետների շրջանում, քանի որ 2024/25 մրցաշրջանում նա արդեն անհաջողություններ էր կրել «Մոնպելյեում» և «Կանում» (ընդհանուր 2 հաղթանակ և 12 պարտություն 19 խաղում)։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, ակումբի ճգնաժամն ավելի խորն է. այն կապված է ֆուտբոլիստների հոգեբանական խոցելի վիճակի և մարզական ղեկավարության անբավարար աշխատանքի հետ:

«Եթե դժգոհ են իմ աշխատանքից, թող հեռացնեն ու վերջ, բայց ես էլ ամեն ինչ երեսին կասեմ։ Ֆուտբոլիստներն էլ պետք է շարժեն իրենց հետույքը»,- ավելի վաղ՝ շաբաթ օրը կրած ցավալի պարտությունից հետո, վրդովված հայտարարել էր հայ մասնագետը։