Foto

Չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Արարատի մարզի Դալար գյուղում անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը։

ՍԱՏՄ-ի վերահսկողության ընթացքում արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրական տարածքի նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել սննդային հումքի և պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի խաչաձևվող հոսքերը։

Արձանագրվել է նաև, որ չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկումն ու ընթացիկ վերանորոգումը, ինչպես նաև արտադրական տարածքների պատշաճ մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի հնարավորությունը։

Տեսչական մարմինը նշել է, որ արտադրամասի հատակի սալիկները կոտրված են եղել, առաստաղները չեն ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, իսկ դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն գտնվել պատշաճ վիճակում։ Արտադրամասը չի ունեցել նաև սանհանգույց և անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

ՍԱՏՄ-ի կողմից տրվել են խախտումները վերացնելու պարտադիր հանձնարարականներ և սահմանվել է դրանց կատարման ժամկետ։