Կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է, առաջիկա 5 օրերին ևս Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում առանձնապես չի կանխատեսվում։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ամենաշոգ գոտում՝ Արարատյան դաշտում, այդ թվում և Երևանում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 33-35 աստիճանի սահմաններում»,-ասել է նա։
Սուրենյանի խոսքով՝ օգոստոսի 16-ի երեկոյան ժամերին, օգոստոսի 16-ի, լույս 17-ի գիշերը Հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
«Իսկ օգոստոսի 17-ի ցերեկվանից սկսած տեղումները երեկոյան ժամերին հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Հանրապետության մյուս շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակ»,-հավելել է նա։









