Foto

Ես երջանիկ էի Բարսելոնայում և չէի ցանկանում հեռանալ. խոստովանություն երկար տարիներ անց

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդո Նազարիոն կատալոնական «Բարսելոնայում» անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան, սակայն, իր իսկ խոսքով, այնտեղ իսկապես երջանիկ է եղել։ Նա նույնիսկ համաձայնության էր եկել ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։

«Ես երջանիկ էի «Բարսելոնայում» և չէի ցանկանում հեռանալ։ Գործակալս ժամանեց բանակցությունների, և ի վերջո նրանք համաձայնության եկան։ Այն ժամանակ ինձ զանգահարեցին ու ասացին, որ պայմանավորվածությունն արդեն կա, և ես նոր պայմանագրով մնալու եմ թիմում»,- պատմել է բրազիլացին։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է ընդամենը մի քանի օր անց.«Երեք օր անց ինձ նորից զանգահարեցին և ասացին. «Տե՛ս, մենք չենք կարող քեզ հետ կնքել այդ պայմանագիրը։ Եթե հեռանալու տարբերակ ունես, միակ բանը, որ պետք է անես, հրաժարագնի վճարման համար անհրաժեշտ գումարը բերելն է»»,- հավելել է Ռոնալդոն։

Հարձակվողը չի թաքցրել, որ նեղացել է կատալոնական ակումբից տված խոստումը չպահելու համար, ինչից հետո էլ որոշում է կայացրել հեռանալ թիմից և տեղափոխվել Միլանի «Ինտեր»։