Foto

Դուք ստեղծեցիք շրջադարձային պահ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։


«Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ
Նորին Գերազանցություն պարոն Դոնալդ Թրամփին


Մեծարգո պարոն Նախագահ,

Լրացավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի մեկ տարին, որը տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ և հիմք դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։


Մեկ տարի առաջ Դուք ստանձնեցիք պատմական պատասխանատու առաքելություն և ստեղծեցիք շրջադարձային պահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում։ Ձեր վճռականության և անսասան կամքի շնորհիվ հնարավոր դարձավ վերջնականապես ավարտել երեք տասնամյակ շարունակված հակամարտությունը և հիմք դնել մեր ժողովուրդների միջև հաշտեցման ու փոխադարձ գործընկերության նոր դարաշրջանին։

Ձեր ներկայությամբ Սպիտակ տանը մեր կողմից ստորագրված եռակողմ Համատեղ հռչակագիրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ համատեղ դիմումը վճռորոշ դեր խաղացին տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում և բացեցին նոր ու լուսավոր էջ՝ հետագա կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար։ Ձեր խաղաղարար ջանքերի կարևոր արդյունքներից մեկն էր նաև TRIPP նախագիծը, որն ունի մեծ նշանակություն Հարավային Կովկասում բազմակողմ տնտեսական համագործակցության, տրանսպորտային կապերի զարգացման և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Եվս մեկ անգամ հայտնում եմ Ձեզ խորին երախտագիտություն տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու գործում ցուցաբերած ուժեղ առաջնորդության համար։

Այսօր ադրբեջանական հասարակությունն արդեն հարմարվում է տարածաշրջանում ձևավորված նոր իրականությանը և խաղաղության մթնոլորտին։ Անցած մեկ տարվա ընթացքում կարևոր աշխատանք է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Վերացվել են Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, սկսվել են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների մատակարարումները՝ մեր երկրի տարածքով տարանցման միջոցով։ Մենք տեսնում ենք խաղաղության իրական տնտեսական, առևտրային և այլ առավելությունները և շարունակում ենք ջանքեր գործադրել դրա հետագա ամրապնդման, գործնական իրականացման և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։

Մեծարգո պարոն Նախագահ,

Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը կարևոր պատմական նշանակություն ունեցավ նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների համար։ Հենց այդ հանդիպման արդյունքներով մեր միջպետական հարաբերությունները բարձրացան ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։ Վեց ամիս անց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Ադրբեջան և այցի ընթացքում ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը, որը ներառում է փոխադարձ ներդրումները, առևտուրը, էներգետիկան, փոխկապակցվածությունը, տրանսպորտը, արհեստական բանականությունը և անվտանգությունը, ինչպես նաև վերջին մեկ տարվա ընթացքում բարձր և բարձրագույն մակարդակներով իրականացված շփումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են կարճ ժամանակահատվածում մեր անցած հաջող ճանապարհի և այն կարևորության մասին, որ Դուք տալիս եք ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։

Միևնույն ժամանակ, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ՝ խտրական բնույթ ունեցող ուղղման կասեցման ժամկետը երկարաձգելու Ձեր որոշումը մենք գնահատում ենք որպես պատմական արդարության վերականգնման ճանապարհին կարևոր քայլ։

Հպարտությամբ կարող ենք ասել, որ այսօր ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների մակարդակը հասել է դիվանագիտական կապերի 34-ամյա պատմության ընթացքում ամենաբարձր կետին։ Այս մեծ ձեռքբերման համար, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերության ձևավորման և խորացման գործում ունեցած Ձեր անգնահատելի ավանդի համար, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ անձամբ և ամբողջ ադրբեջանական ժողովրդի անունից։

Մենք նաև հետագայում մտադիր ենք ընդլայնել և նոր բովանդակությամբ հարստացնել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամության, փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության վրա հիմնված հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Անհամբերությամբ սպասում ենք այս ուղղությամբ Ձեզ հետ համատեղ աշխատանքի շարունակությանը։

Հայտնում եմ Ձեզ խորին հարգանքս և ակնածանքս, մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և անփոփոխ հաջողություններ Ձեր պատվավոր և պատասխանատու գործունեության մեջ՝ հանուն խաղաղության, բարեկեցության և բարեկամ ամերիկյան ժողովրդի բարգավաճման։

Հարգանքով՝

Իլհամ Ալիև»: