Foto

Դանուբում ջրի մակարդակը բարձրացնելու համար Ռումինիայում ժայռ են պայթեցրել

Ռումինիայի զինվորականները մոտ 180 կգ պայթուցիկ նյութ են օգտագործել Դանուբ գետի ցամաքած հունում գտնվող ստորջրյա ժայռը ոչնչացնելու համար․ դա իրականացվում է Չերնավոդայի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցումը կանխելու համար։ Այս մասին հայտնել է Bloomberg агентությունը։

Ավելի վաղ սաստիկ երաշտի պատճառով Դանուբում ջրի մակարդակն իջել էր վերջին 30 տարվա նվազագույն ցուցանիշին՝ հասնելով վայրկյանում 1,7 հազար խորանարդ մետրի։ Երկրի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադու Միրուցեի խոսքով, որոնք մեջբերում է պարբերականը, ժայռի պայթեցման հիմնական նպատակն էր ջուրն ուղղորդել դեպի էլեկտրակայանը սնուցող հիմնական ջրանցք և կանխել ռեակտորի աշխատանքի դադարեցումը։

«Մենք շատ մոտ ենք միջուկային սարքավորումների անվտանգ հովացման համար անհրաժեշտ ջրի նվազագույն մակարդակին և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ատոմակայան մտնող ջրի հոսքերն ավելացնելու համար»,- հավելել է Միրուցեն։

Շաբաթ օրը Apele Române Ազգային վարչության փոխտնօրեն Սորին Ռինդաշուն հայտարարել էր, որ Դանուբի ջրերի մակարդակն իջնում է օրական մոտ 2-3 սմ արագությամբ, ինչը նշանակում է, որ ԱԷԿ-ը կարող է գործել ևս չորս-հինգ օր, որից հետո կանգնեցվելու է։ Ռինդաշուն, այնուամենայնիվ, ընդգծել էր, որ բուն ԱԷԿ-ում տիրող իրավիճակը որևէ ռիսկ չի ներկայացնում, քանի որ սահմանային ցուցանիշներին հասնելուն պես երկրորդ ռեակտորն անմիջապես կանգնեցվելու է։ Էլեկտրակայանի առաջին ռեակտորն անջատվել է հուլիսի 28-ին։

Չերնավոդայի ԱԷԿ-ը Ռումինիայի միակ ատոմակայանն է։ Այն ունի գործող երկու էներգաբլոկ, որոնք ստեղծվել են կանադական Candu տեխնոլոգիայով և արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը։