Foto

Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումները Գազայի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի վերջին հարձակումները Պաղեստինի Գազայի հատվածում։ Ըստ գերատեսչության՝ Գազայի խաղաղության ծրագրի շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո ավելի քան 30 խաղաղ բնակչի սպանությունը և առողջապահական հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու որևէ կամք չունի, գրում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի վարչապետի միակ նպատակը պաղեստինցիներին իրենց հայրենիքից վտարելն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը խոչընդոտելն է։ Ըստ թուրքական կողմի՝ Նեթանյահուն չի վարանում խարխլել միջնորդ երկրների, հատկապես ԱՄՆ-ի ջանքերը և խախտել տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը։

Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ավելի վճռական և ուժեղ դիրքորոշում որդեգրել Նեթանյահուի «ծավալապաշտական և ռազմամոլ» մտածելակերպի դեմ, որը փորձում է ողջ Մերձավոր Արևելքը վերածել հակամարտության գոտու։