Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով կառույցը պահանջում էր Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը փոխարինել ազատազրկմամբ։ Դատարանի այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։
Նշենք, որ Առուշ Առուշանյանի պատժի փոփոխման հարցն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ գտնվում է դատական քննության փուլում։
Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակած վճռով Առուշ Առուշանյանին արդարացրել էր ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով ճանաչել մեղավոր և դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Հաշվակցելով նրա՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Առուշանյանի նկատմամբ սահմանվել էր նաև 1,5 տարվա փորձաշրջան, նշանակվել տուգանք և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժ։ Վճիռը բողոքարկվելուց հետո մտել էր օրինական ուժի մեջ։
Այնուհետև Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել էր միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցը չի բխում իր լիազորություններից։ Դրանից հետո ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր արձանագրություն՝ պատժից խուսափելու վերաբերյալ, և դատարան էր ներկայացվել միջնորդություն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև պայմանականորեն չկիրառելու որոշումը վերացնելու վերաբերյալ։
Միաժամանակ Առուշ Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել էր նրա բողոքը։ Այդ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նույնպես քննվել էր գրավոր ընթացակարգով և մերժվել։
Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր այն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։
Այս որոշումը բողոքարկել էին ինչպես դատախազությունը, այնպես էլ Առուշ Առուշանյանի պաշտպանը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր բողոքները՝ վերջնական պատիժ սահմանելով 1 տարի 11 ամիս ազատազրկում, իսկ առաջին ատյանի դատարանի որոշման մնացած մասը թողնելով անփոփոխ։
Այդ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների արդյունքում 2025 թվականի մարտին հայտնի դարձավ, որ դրանք վարույթ են ընդունվել։ Մեկ տարի անց Վճռաբեկ դատարանը որոշեց, որ խախտվել է ընդդատությունը, և արձանագրեց, որ հարցը պետք է քննվեր Հակակոռուպցիոն դատարանում։ Արդյունքում գործն ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Հենց այդ նոր քննության արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, իսկ այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է նաև դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։









