Foto

Անահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները։

Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:
Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին, դիտարկել շենքային պայմանները:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:
Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը կարևորել է զինծառայողների՝ արժանապատիվ և պատշաճ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։

Այցի շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագած հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին ներգրավվել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:

Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն հերքել է զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու լուրը։

«Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով։ Գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։ Առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա»,– հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: