Foto

5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվել

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին։ Նրանք հուլիսի 20-26-ն Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել են 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե, և Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևից ունեցել է աշխարհի չեմպիոններ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը։Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով մարզիկներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրանց պատմական արդյունքների կապակցությամբ՝ ընդգծելով, որ հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին վկայում է մեր երկրում հրաձգության կայուն և որակական զարգացման մասին։

«Ի դեմս ձեր հաջողությունների՝ կարծում եմ՝ Հայաստանի սպորտային պատմությունը գրանցեց ևս մեկ կարևոր վերելք։ Այն, ինչ դուք արեցիք, արդեն պատմություն է, և ես շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի արդյունքներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին, մարզիչներին և Հայաստանի հրաձգության ֆեդերացիային՝ շարունակական և հետևողական աշխատանքի համար։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ այս տարի հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ համատեղ աշխատանք։ Նրա խոսքով՝ չնայած կազմակերպչական բազմաթիվ մարտահրավերներին՝ թիմային աշխատանքի շնորհիվ առաջնությունն անցկացվել է բարձր մակարդակով, ինչի մասին են վկայում նաև միջազգային գործընկերների դրական արձագանքները։ Նախարարը կարևորել է նաև Եվրոպայի առաջնության շրջանակում կատարված գույքային ներդրումները՝ ընդգծելով, որ դրանք արդեն տալիս են իրենց արդյունքը։Անդրադառնալով հրաձգության զարգացման պետական քաղաքականությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարության վերջին որոշումներից մեկով մասնավոր հրաձգարաններում մարզվող երեխաների պարապմունքները կֆինանսավորվեն պետության կողմից։

Միաժամանակ՝ քննարկվում է հրաձգության բաղադրիչը «Ֆիզկուլտուրա» առարկայի դպրոցական ծրագրում ներառելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզաձևի դերն ուշադրության կենտրոնացման և կարևոր հմտությունների ձևավորման առումով։

Նախարարն անդրադարձել է նաև հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումներին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես միջազգային մարզական միջոցառումներ հյուրընկալող երկիր։ Այս համատեքստում կքննարկվի ապագայում հրաձգության հերթական միջազգային մրցաշարը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը նշել է, որ վերջին տարիներին պետության աջակցությունը շոշափելի է եղել, իսկ Եվրոպայի առաջնության շրջանակում կատարված ներդրումներն էական ազդեցություն են ունեցել հավաքականի պատրաստվածության և աշխարհի առաջնությունում գրանցված արդյունքների վրա։

Հավաքականի անդամ Լիլիթ Պողոսյանը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ հավաքականը Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո աշխարհի առաջնությունում փորձել է անել առավելագույնը՝ ապացուցելու, որ պետության կատարած մեծ աշխատանքն ապարդյուն չէր։Հայաստանի հավաքականն Էստոնիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հրաձիգով:

Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։ Էստոնիայում անցկացված աշխարհի առաջնության թիմային պայքարում Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ երիտասարդների պայքարում բացառիկ արդյունք է գրանցել Աիդա Ազատյանը՝ դառնալով երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում. արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի դրանից՝ հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ գրանցել է 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։