Հուլիսի 29-ի վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են գործել Ռյազանի վրա, հայտնել է Ռյազանի մարզպետ Պավել Մալկովը։ «ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական տարածքներում հրդեհ է բռնկվել։ <…> Այս պահի դրությամբ վեց մարդ է հոսպիտալացվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — Telegram-ի իր ալիքում գրել է Մալկովը։ Նա նաև հիշեցրել է հարձակման հետևանքների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակելու արգելքի մասին։ Astra-ի վերլուծած կադրերի համաձայն՝ հարձակման թիրախներից մեկը Wildberries-ի տեսակավորման համալիրն է, որը գտնվում է Տյուշևո գյուղի մոտակայքում՝ «Ռյազանսկի» արդյունաբերական պարկում։ Պահեստին հասցված հարվածից անմիջապես հետո Wildberries-ում սահմանափակել են մուտքը և հայտարարել անձնակազմի տարհանման մասին։ «Պահեստում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից», — ասվում է վաճառողներին ուղղված հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ինչպես պնդում է ուկրաինական Exilenova+ մոնիտորինգային ալիքը, հրդեհ է բռնկվել նաև «Ռոսնեֆտ»-ի Ռյազանի նավթավերամշակման գործարանում, որն անօդաչուների հարձակման պատճառով դեռ մայիսի կեսերին ժամանակավորապես դադարեցրել էր նավթի վերամշակումը։ Բացի այդ, անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքին։ «Բնակելի բազմահարկ շենքի վրա հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով կին է զոհվել, մեկ տղամարդ վիրավորվել է», — հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։ Շենքի բնակիչներին տարհանել են և տեղավորել ժամանակավոր տեղաբաշխման կետում։ Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովայի տվյալներով՝ վնասվել են մի քանի մասնավոր տներ և կոմերցիոն տարածքներ, սակայն նա չի հստակեցրել, թե հատկապես որ օբյեկտների մասին է խոսքը։
Reuters-ի ոլորտային աղբյուրները հայտնել են, որ տարվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական բոլոր խոշոր նավթավերամշակման գործարաններին, ինչի հետևանքով հուլիսի սկզբին ավտոբենզինի արտադրությունը նվազել է՝ հասնելով ամառային շրջանի միջին սպառման 65%-ին: Հուլիսի 18-ից ուկրաինական ուժերը սկսել են հարվածներ հասցնել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին: Անօդաչուների թիրախում արդեն հայտնվել են Մոսկվայի մարզի, Տամբովի մարզի, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասի, Լենինգրադի մարզի ու Սանկտ Պետերբուրգի, Վորոնեժի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի պահեստները:
Data Insight գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն միայն Մոսկվայի և Տամբովի մարզերի պահեստներում այրված ապրանքների արժեքը գնահատել էր 170–230 միլիարդ ռուբլի: Ընդ որում, վաճառողները դժգոհում էին, որ մարկետփլեյսի առաջին փոխհատուցումները չեն ծածկել նույնիսկ վնասների կեսը. մեծ մասը ստացել է կորցրած ապրանքների արժեքի 10–40%-ը, իսկ ոմանք՝ ընդամենը 3–5%-ը:









