Արարատի մարզի Սիսավան գյուղում ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվում է ոչ տիպային դպրոց: Սիսավանի նոր դպրոցը կառուցվում է հին դպրոցի տեղում․ միջնակարգ դպրոցում սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային շրջայց է կատարել նշյալ դպրոցի շինհրապարակ՝ հետևելու աշխատանքների ընթացքին, ծանոթանալու առկա վիճակին:
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Նորակառույց դպրոցը կհագեցվի նաև նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Կապալառու ընկերության պատասխանատուները վստահեցրել են, որ պահպանվում են շինարարության որակը և ժամկետները։
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է շինարարության ընթացքում դասապրոցեսի կազմակերպման մանրամասներով՝ ընդգծելով դրանք անխափան իրականացնելու կարևորությունը: Դպրոցի տնօրենը նշել է, որ այս փուլում դասերն իրականացվել են հարևան բնակավայրի դպրոցներից մեկում և գյուղապետարանում։ Դպրոցի շուրջ 380 աշակերտ ուրախությամբ և ոգևորությամբ է սպասում նոր դպրոցի շահագործմանը։
Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։









