Foto

«Փյունիկ»-ը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. «Դեբրեցեն»-ի գլխավոր մարզիչ

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումում հունգարական «Դեբրեցենը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց երևանյան «Փյունիկին»։ Խաղի միակ ու վճռորոշ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Ֆլորիան Ցիբլան՝ հունգարական թիմին ապահովելով կարևոր առավելություն Հայաստան մեկնելուց առաջ։


Հանդիպումից հետո «Դեբրեցենի» մարզիչ Գերտ Ռեմելը, ով հաղթանակով նշեց իր նորամուտը թիմի ղեկին, պատասխանել է լրագրողների հարցերին՝ կիսվելով տպավորություններով և խոսելով Երևանում սպասվելիք պատասխան խաղի մասին։

– Ձեր նորամուտը «Դեբրեցենի» պահեստայինների նստարանին նշանավորվեց հաղթանակով: Գո՞հ եք արդյունքից և խաղից:


– Մեր խաղում ինձ շատ դրվագներ դուր եկան. դրանցից էր, օրինակ, թիմի արագ արձագանքը գնդակը կորցնելուց հետո: Իհարկե, մեր ելույթը հեռու էր կատարյալ լինելուց։ Հստակ է, որ մրցակցի տուգանային հրապարակում մենք պետք է շատ ավելի արդյունավետ գործենք:

– Ի՞նչ կարծիքի եք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների խաղի մասին:

– Նրանք չվախեցան ընձեռված հնարավորությունից և հստակ գիտեին իրենց անելիքը խաղադաշտում, նույնիսկ այն դեպքում, երբ ոմանք չէին խաղում իրենց հարազատ դիրքերում: Տղաների մոտ նկատվում էր պայքարելու մեծ ոգի, ինչը շատ կարևոր է նման հանդիպումներում:

– Ինչպիսի՞ սցենար եք ակնկալում պատասխան խաղում:

– Երևանում խաղալը հեշտ չէ։ Ես այնտեղ եղել եմ դեռ երկու տարի առաջ՝ Ֆինլանդիայի ազգային հավաքականի հետ, և գիտեմ՝ ինչ է սպասվում մեզ: «Փյունիկը» շատ վտանգավոր թիմ է, հատկապես՝ եզրերում, այնպես որ արտագնա խաղում մեզ իսկապես ծանր հանդիպում է սպասվում:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին: