Foto

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

Թրամփը նշել է, որ հութիները պատասխանատու կերպով են գործել 2025 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն նրանց հարվածներ հասցրեց առևտրային նավերի վրա հարձակվելու համար:

«Այդ ժամանակից ի վեր և Իրանի հետ մեր հակամարտության ընթացքում նրանք շատ պատասխանատու են գործել: Ցավոք, հիմա նրանք նորից սկսում են. երեկ երեկոյան (խմբ.՝ հուլիսի 22-ին) նրանք կրակել են Սաուդյան Արաբիայի երկու նավի վրա», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ եթե հութիները կրկին դա անեն, ապա ԱՄՆ-ն «պատասխանատվության կենթարկի Իրանին», քանի որ հութիները վայելում են Իրանի աջակցությունը:

«Եվ իհարկե, խիստ ռազմական պատիժ կկիրառվի հենց հութիների նկատմամբ, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ մինչ այս նրանք գործում էին պրոֆեսիոնալ և խելամիտ կերպով», – եզրափակել է Թրամփը:

Օրերս հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և հուլիսի 22-ին Կարմիր ծովում հարվածել են Թագավորության երկու նավթատար լցանավի: Էր Ռիադը հաստատել է մեկ լցանավի խոցումը: Նավում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան: Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը շրջանցելու համար ավելի վաղ շուրջ մեկ տասնյակ նավ փոխել է ուղղությունը: