Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած հրաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը պատմական ու աննախադեպ արդյունքներ է գրանցել մրցումային առաջին իսկ օրը: Մեր հրաձիգները փայլուն ելույթների շնորհիվ նվաճել են երկուական ոսկե և արծաթե մեդալներ:
Տղամարդկանց «շարժվող թիրախ, խառը վազք» մրցաձևի անհատական պայքարում գերազանց արդյունք է գրանցել Հայկ Մինասյանը: Խոցելով 384 միավոր՝ հայ մարզիկը հռչակվել է աշխարհի չեմպիոն: Հատկանշական է, որ սա հայկական հրաձգության պատմության մեջ առաջին ոսկե մեդալն է մեծահասակների աշխարհի առաջնություններում: Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայկ Մինասյան, Հովհաննես Մարգարյան և Գոռ Խաչատրյան եռյակը գրավել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալների:
Մեր ընտրանու պատմական հաջողությունը կրկնապատկել է Աիդա Ազատյանը: Երիտասարդ աղջիկների պայքարում հայ հրաձիգը 379 միավորով նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Թիմային մրցարշարում էլ Ազատյանը՝ Անահիտ Սարգսյանի ու Լիլիթ Մկրտչյանի հետ միասին, ընդհանուր 1095 միավորով զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականն ու դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:









