Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հրավերով Մոսկվա ժամանած Ղպտի Եկեղեցու պատվիրակությունն այցելել է Սուրբ Պայծառակերպության մայր տաճար: Հյուրերին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Համատեղ աղոթքից հետո Սրբազանը հյուրերին ներկայացրել է թեմի հոգևոր, կրթական և մշակութային գործունեությունը։
«Ձեր այսօրվա այցը նաև հավատարմության և եղբայրության վկայությունն է։ Մենք մեր երախտագիտությունն ու սերն ենք հայտնում Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդին և նրա բարեպաշտ հավատացյալներին և հայտնում մեր պատրաստակամությունը՝ հաղթահարելու մեր համատեղ ժամանակի դժվարությունները, հալածանքներն ու մարտահրավերները»,- նշել է Եզրաս Սրբազանը։
«Տապան» թանգարանում հյուրերն ուսումնասիրել են Արցախի քարտեզը, որը ցույց է տալիս հայկական տեղանուններն ու եկեղեցիները՝ և՛ հայերեն, և՛ ռուսերեն լեզուներով, որոնք բոլորն էլ այժմ անողոք կերպով ոչնչացվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։
«Մենք աղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար՝ խնդրելով Տիրոջը խաղաղություն շնորհել այս օրհնյալ երկրին։ Մենք նաև աղոթում ենք անազատության մեջ գտնվող հոգևորականների համար։ Մենք աղոթում ենք, որ քրիստոնյաները այլևս չհալածվեն», - ընդգծել է մետրոպոլիտ Անտոնին։
Մետրոպոլիտ Անտոնին նշել է, որ տպավորված և հիացած է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի գեղեցկությամբ և ճարտարապետությամբ, դրա վեհությամբ։
«Ես իսկապես զարմացած եմ Եզրաս արքեպիսկոպոսի հսկայական աշխատանքով։ Նա ամբողջությամբ նվիրվել է Աստծուն ծառայելուն»,- ասել է նա։









