Foto

Թրամփը մտադիր է շարունակել Իրանի հետ հակամարտությունը՝ անկախ ռիսկերից․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տալիս, որ մտադիր է շարունակել Իրանի հետ հակամարտությունը, թեև դա առաջացնում է շատ ամերիկացիների դժգոհությունը և Կոնգրեսի ընտրություններից առաջ բարդացնում հանրապետականների վիճակը: Այս մասին ասվում է Politico թերթում հրապարակված հոդվածում:

Թեև Թրամփը հունիսին ընդունել էր, որ վստահ չէ՝ արդյոք ամերիկացիներին դուր է գալիս պատերազմի շարունակումն ու դրա մասշտաբների ընդլայնումը, նախագահի որոշ զինակիցներ պնդում են, որ Թեհրանը թերագնահատում է քաղաքական ռիսկի գնալու նրա պատրաստակամությունը, նշվում է հրապարակման մեջ:

Հոդվածում բերվում է Սիրիայում ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի կարծիքը, ով նախկինում եղել է նաև Իրաքում ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանը: Ըստ նրա՝ Թրամփը «այլ ընտրություն չունի», քան հակամարտությունը շարունակելը: «Նա փոխզիջում է առաջարկել: Նա չի հանձնվի, նույնիսկ եթե պարտվի ընտրություններում», - հավելել է Ջեֆրին՝ նկատի ունենալով նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականների դիրքերի թուլացման հնարավորությունը: