Foto

Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքը

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հուլիսի 7-ին, ժամը 20։30-ի սահմաններում, երեխան ծնողների հետ գտնվել է հորեղբոր՝ Արմավիրի մարզի տանը։

Տան բակում խաղալու ժամանակ երեխան, ծնողների անուշադրության հետևանքով, անզգուշությամբ քաշել է խորովածի մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա, և ստացել է «գանգուղեղային վնասվածք»։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկներից մի քանի ժամ է պահանջվել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն նա որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։