Այն, որ Արա Աբրահամյանի վերջին հարցազրույցը «Vesti.am» կայքին քննադատության առարկա կդառնա իշխանական շրջանակների համար, պարզից էլ պարզ էր: Հայաստանի իշխանությունները միշտ էլ շատ ցավագին են ընդունում ցանկացած անկախ քաղաքական գործիչի քայլը և, հետևաբար, պետք է արձագանքեին Աբրահամյանին: Իհարկե, լավ կլիներ, որ իշխանություններն իրենց ԶԼՄ-ների միջոցով փորձեին բովանդակային քննարկում ծավալել հարցազրույցի վերաբերյալ, քանզի բովանդակային քննարկումներն ու առողջ քննադատությունը ոչ մեկին վնաս չի տվել: Այնուամենայնիվ, իշխանությունները գնացին այլ ճանապարհով, ու նրանց «քննադատությունը» բոլորովին առարկայական բնույթ չուներ:
Միաժամանակ, այս ամենի մեջ զարմանալին այն էր, որ ընդդիմադիր թերթերից մեկը նույնպես մտավ Աբրահամյանին «քննադատելու» գործընթացի մեջ, ընդ որում, «քննադատում» էր նույն քաղաքական կոդերով, ինչ դա անում էին իշխանական շրջանակները: Սա հիմք է տալիս ասելու, որ իշխանությունների ու ընդդիմության մի շերտի մոտ զարմանալի կոնսենսուս է նկատվում Արա Աբրահամյանի դեմ: Եզրակացությունները կթողնեմ ձեր դատին, սակայն ուզում եմ ևս մեկ անգամ ֆիքսել, որ մի ԶԼՄ, որն իրեն դիրքավորում է որպես ընդդիմադիր ու իշխանափոխության համար պայքարող, հոդվածներ է տպագրում մի քաղաքական գործչի դեմ, ով իշխանություններից անկախ է ու որպես իր գործունեության նպատակ հռչակել է երկրում դրական փոփոխությունների հասնելը:
Սա ուղղակի գրում եմ նրա համար, որ բոլորին պարզ լինի, որ այսօր արդեն երկակի խաղերը չեն անցնի ու հասարակությանը խաբել չի լինի, չի ստացվի նաև ընդդիմադիր ձևանալով՝ հանգիստ աշխատել իշխանությունների հետ: Բոլոր նմանօրինակ երևույթները ֆիքսվելու են ու ներկայացվելու հանրության դատին:
Կարինե Մամիկոնյանի ՖԲ էջից