Foto

Ջիվանին՝ Ռիտա Շառոյանի նոր ֆիլմում (ֆոտոշարք)

Հունիսի 9-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի հերթական՝ 9-րդ ֆիլմի պրեմիերան: «Բարի, գեղեցիկ, առաքինի» վերնագրով ֆիլմը հեղինակը նվիրել է աշուղ Ջիվանուն և քամանի նվագարանին:

-Նախապատրաստական աշխատանքների ընթացքում հասկացա, որ ֆիլմը թերի կլինի, եթե միայն քամանին ներկայացվի. Ջիվանին էլ պիտի լինի կինոնկարում: Դրա համար «Հնագույն նվագարանների» 9-րդ ֆիլմում գործիքը ներկայացվում է իր տիրոջ միջոցով,-լրագրողների հետ զրույցում ասել է Ռիտա Շառոյանը՝ ընդգծելով, որ Ջիվանին այսօր 170 տարեկան է, սակայն նրա մասին շատ չնչին տեղեկություն է հասել մեր հասարակությանը:

Հեղինակն ասել է, որ իրենք եղել են բոլոր այն վայրերում, որոնք կապված են Ջիվանու անվան հետ, ամեն ինչ արել են, որ Ջիվանին մեր ժամանակներ ճիշտ գա:

-Քամանին ու Ջիվանուն մենք կողք կողքի բերեցինք. մեկը մյուսին լրացնում է, մեկը մյուսին՝ սիրում: Լինելով անցյալը սիրող մարդ, փորձում եմ անցյալի մշակութային ժառանգությունը բերել մեր ժամանակներ, այլապես վաղվա սերունդն այն չի ճանաչելու,-ասել է Ռիտա Շառոյանը՝ հավելելով, որ մենք իրավունք չունենք նրա գործերը թողնել չընթերցված, չմշակված, չուսումնասիրված:

-Ինձ համար Ջիվանին բացահայտվեց նաև որպես հրապարակախոս, որպես մարտնչող հայ մարդ, որպես արդարության դրոշակակիր: Նա իր գրեթե բոլոր ստեղծագործություններում դատապարտում է սոցիալական անհավասարությունն ու բևեռացումը,-ասել է Շառոյանը:

Ֆիլմի բեմադրիչ Արմեն Ռոնով-Մկրտչյանն էլ նշել է, որ հավաքական կերպարի շրջանակում ճանաչողական, փաստավավերագրական ֆիլմ է, բայց միանշանակ գեղարվեստական լուծումներով:

Ֆիլմի ցուցադրումից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից Ռիտա Շառոյանը մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ոսկե մեդալով:

Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում։

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=Lss3OC6A-go&feature=youtu.be