Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը։
«Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, և նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կառույց է։ Մենք ՀՀ իշխանություններից ակնկալում ենք, որ իրենք երկխոսություն կսկսեն եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից»,- Թեհրանում Sputnik Արմենիայիթղթակցի հետ զրույցում ասել է Սրբազանը։
Սեպուհ Սրբազանը քննադատել է նաև կառավարության քաղաքականությունը Արցախի հարցում։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, որ Արցախը հայկական հող չէ։
Արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին՝ դրանք լավագույն որակելով։
«Չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ երկիր, որն ավելի մոտ է Հայաստանին, քան Իրանը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք սերտ հարաբերություններ ենք ունեցել անհիշելի ժամանակներից։ Երբեմն նաև թշնամություն ենք արել, իհարկե, բայց միշտ ընդհանուր լեզու ենք գտել և հաղթահարել տարաձայնությունները», - հավելել է նա։









