«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել է տարեկան առնվազն 1,500 հեկտար ինտենսիվ այգիների հիմնում։ 2021-ի նախընտրական ծրագրում էլ ՔՊ-ն խոստացել էր տարեկան 1,000 հեկտարով ավելացնել ինտենսիվ այգիները: Այս մասին գրում է Civilnet-ը:
«Մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը ներդրված կլինի մինչև 2023-ը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը: Առաջիկա տարիներին շարունակելու ենք սուբսիդավորել ապահովագրավճարի 50- 60%-ը: Ընդլայնելու ենք նաև ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև ներդնելու ենք կենդանիների ապահովագրություն»,- նշված էր ՔՊ-ի 2021-ի ծրագրում։
#CivilNetCheck-ը գնացել է այս խոստումների հետքերով՝ ուսումնասիրելով նաև տնտեսական մի շարք այլ ոլորտներում նախատեսված ծրագրերի իրականացումը։
Այգեգործությունից՝ թվայնացում. գյուղատնտեսական խոստումների պատկերը
Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2021-ից մինչև 2026-ի մայիսի 25-ը փաստացի հիմնվել է շուրջ 5,270 հեկտար ինտենսիվ այգի, ինչը նշանակում է, որ տարեկան 1,000 հեկտարի թիրախն ընդհանուր առմամբ պահպանվել է։ Այսպիսով, հինգ տարվա համար նախատեսված 5,000 հեկտարի թիրախը ընդհանուր առմամբ ոչ միայն պահպանվել, այլև գերազանցվել է։

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
Ինչ վերաբերում է մշակաբույսերի ամբողջական ապահովագրության ներդրմանը, որը պետք է ներառեր հիմնական մշակաբույսերը, ապա նախարարությունից հայտնում են, թե ապահովագրական ծրագիրը, որը մեկնարկել էր երկու մշակաբույսով, 2023-ին արդեն ընդգրկում էր 13 մշակաբույս և գործում էր Հայաստանի բոլոր մարզերում։ Ապահովագրությունը տարածվում էր չորս ռիսկի վրա, իսկ ապահովագրավճարի սուբսիդավորումը ծրագրի ընթացքում կազմել է 50-80%։
Սակայն նախարարության պատասխանը չի հաստատում, որ ներդրվել է մշակաբույսերի «ամբողջական» ապահովագրություն կամ ներառվել են բոլոր հիմնական մշակաբույսերը։
Գյուղատնտեսական կենդանիների ապահովագրությունն էլ չի ներդրվել․ գերատեսչությունից հայտնում են, որ դրա ներդրման հարցը դեռ քննարկվում է։
2021-ին ՔՊ-ն խոստացել էր մինչև 70% սուբսիդավորել բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության պատասխանի՝ 2021-ին գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի հավաստագրված սերմերի գինը պետությունը սուբսիդավորել է 50-70%-ով։
Աշնանացան ցորենի հավաստագրված սերմերի դեպքում 2021-ին սուբսիդավորումը կազմել է 30%, իսկ 2022-ին սերմի, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի շուրջ 50%-ը փոխհատուցվել է միասին։
2024-2026-ին մոտեցումը փոխվել է․ նախատեսվել է փոխհատուցել մինչև 100 հեկտար տարածքի համար ոչ միայն հավաստագրված սերմերի արժեքի, այլև հիմնական գյուղատնտեսական աշխատանքների՝ վարի, ցանքի և բերքահավաքի ծախսերի 50%-ը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









