ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոք է ուղղել՝ կապված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի այն հայտարարությունների հետ, թե Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դատապարտված է մահվան, հայտնում է «Ալ Ջազիրան»։
Իրավանին Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից հնչեցված սպառնալիքը բնութագրել է որպես «պետական ահաբեկչության միտումնավոր և համակարգված քաղաքականության մաս», որն ուղղված է Իրանի պետական պաշտոնյաների դեմ։
Նա հայտարարել է «իսրայելական ռեժիմի՝ Իրանի դեմ ագրեսիայի անօրինական գործողությունների մասին, ներառյալ իրանցի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան քաղաքական ու ռազմական պաշտոնյաների սպանությունը, որը կատարվել է Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համակարգմամբ և աջակցությամբ»։
Իրավանին հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելին թույլ է տվել գործել անպատիժ, և զգուշացրել է, որ Թեհրանը կպատասխանի ցանկացած թշնամական գործողության։
«Ցավոք, Անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները կատարելու անկարողությունը ուժեղացրել է անպատժելիության մթնոլորտը և իսրայելական ռեժիմին ավելի լկտի է դարձրել պետական ահաբեկչության նորմալացման հարցում, ինչը ստեղծում է շատ վտանգավոր նախադեպ և լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար», - նշել է նա։









