Foto

Կառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում», «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում», «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը: Քննարկվել են նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի և հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով բացառության կիրառման հարցերը:

«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն Անետա Բաբայանը ներկայացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ընդգծել, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Երևանի բազմամոդալ տրանսպորտային համակարգը՝ արդիականացնելով և վերազինելով Երևանի մետրոպոլիտենը և ապահովելով անվտանգ շահագործում, բարձր հուսալիություն և ծառայությունների որակ։ Մանրամասներ են ներկայացվել ծրագրում ներդրումների իրականացման և կառավարման պլանի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ծրագրի տնտեսական կենսունակությանը, սոցիալ-տնտեսական օգուտներին և շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:

Հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են նախագծի առանձին բաղադրիչները, դիտարկումներ են ներկայացվել ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ:

Անետա Բաբայանը ներկայացրել է նաև «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Ընդգծվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբեռնաթափվի վերգետնյա տրանսպորտը բազմամոդալ հաղորդակցության միջոցով, կզարգանա էկոլոգիապես պատասխանատու տրանսպորտը և կնվազի օդի աղտոտումը, կբարելավվի բնակիչների տրանսպորտային փորձառությունը և ծառայությունների որակը: Մանրամասներ են ներկայացվել պահանջարկի աճին զուգահեռ համակարգի արդիականացման առաջարկի վերաբերյալ:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, ընդգծվել է, որ ծրագիրը պետք է իրականացվի փուլային տարբերակով ըստ առաջնահերթությունների՝ հաշվի առնելով ներքին բովանդակային կապը:

Օրակարգի հաջորդ հարցը եղել է «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում» հանրային ներդրումային ծրագրի նախագծի ներկայացումը: Անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին, այդ թվում՝ մեծածավալ ուղևորահոսքի սպասարկման, փոխադրողական հզորությունների անբավարարության, ծառայության որակի անկայունության, բարձր գործառնական ծախսերի, օդի աղտոտվածության բարձր մակարդակի հետ կապված խնդիրներին: Այս համատեքստում ներկայացվել է, որ նախագծի իրականացումը կնպաստի Երևանի տրանսպորտային համակարգի զարգացմանը՝ հանրային տրանսպորտի արդիականացմամբ և բարձր տարողունակությամբ, էներգաարդյունավետ շարժակազմի ներդրմամբ՝ ապահովելով անվտանգություն, հուսալիություն և որակյալ ծառայություններ։ Ընդգծվել է, որ այս նախագծով մեկնարկում է հանրային տրանսպորտը լիովին էլեկտրական շարժակազմով փոխարինելու ծրագիրը։

Քննարկման շրջանակում ընդգծվել է ուղևորահոսքի դինամիկ աճի պայմաններում շարժակազմի արդիականացման և հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացման կարևորությունն ու այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը:

Օրակարգի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել կեղտաջրերի մաքրման գործող կայանների ներկա վիճակի և առաջարկվող տեխնիկական լուծման վերաբերյալ: Ընդգծվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ գործող կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացում և կենսաբանական մաքրման ավելացում, միջին չափի ագլոմերացիաներում նոր կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում և մեկուսացված և փոքր գյուղական համայնքների համար փոքր առանձին կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:

Նիստում քննարկվել են ծրագրի կառավարման շրջանակի և ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով ծրագրի իրականացման հնարավորությանը:

Վերոնշյալ նախագծերը քննարկումների արդյունքում հաստատվել են:

Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցը: Ներկայացվել են արդեն կատարված աշխատանքները, այդ թվում՝ Ախուրյան գետի ջրի հեռացման համակարգի կառուցման, ոռոգման թունելի մուտքամասի և ելքամասի քանդման ու ամրակայման աշխատանքները, վաղ ազդարարման համակարգի տեղադրման, հնագիտական վայրերի պեղումների իրականացման, բուսաշերտի մաքրման աշխատանքները և այլն: Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել առկա իրավիճակին և աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներին, ծրագրի վերափոխման և ընդլայնման պլաններին:

Հանրային ներդրումային կոմիտեն քննարկել է հարցը, հավանություն տվել ծրագիրն ավարտին հասցնելու համար ներկայացված առաջարկին։

Նիստում քննարկվել է նաև հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով Հանրային ներդրումային կոմիտեի կարգով նախատեսված բացառության կիրառման հարցը ևս: Քննարկումների արդյունքում համաձայնություն է տրվել բացառություն կիրառմանը:

Ամփոփելով նիստը՝ վարչապետը կարևորել է ներկայացված նախագծերի հստակ պլանավորման, ռեսուրսների բաշխման, ռիսկերի կառավարման և արդյունքների գնահատման կարևորությունը: