Foto

Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ՝ Տիգրան Դադունցը և Օկսաննա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը։

​Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Նշվել է, որ Արդարադատության նախարարությունը ևս ներգրավված է վիզաների ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրից բխող միջոցառումներում, որոնք ներառում են, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության և իրավական փոխօգնության ոլորտների զարգացումը:

​Քննարկվել են նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների առաջնահերթությունները, որոնք ներառում են դատական և իրավական բարեփոխումները:

​Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգի թվայնացմանը։ Ընդգծվել է, որ Հայաստանի համար Էստոնիայի փորձը կարևոր ուղենիշ է, քանի որ այն հիմնված է տեխնոլոգիական նորարարությունների, ամուր իրավական հիմքերի և արդյունավետ ինստիտուցիոնալ լուծումների վրա:

​Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ ներառյալ թվային արդարադատության, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև վեճերի լուծման արդյունավետ եղանակների շուրջ փորձի փոխանակման ուղղություններով։