Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է Էնցո Մարեսկային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
46-ամյա իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։ Այս պաշտոնում Մարեսկան փոխարինել է Խոսեպ Գվարդիոլային։
««Մանչեսթեր Սիթին» ակումբ է, որին ես շատ լավ ծանոթ եմ, և այս թիմը գլխավորելու հնարավորությունն ինձ համար փայլուն շանս է։ Սա կլինի այստեղ աշխատելու իմ երրորդ շրջանը։ Ես գիտեմ «Սիթին», գիտեմ նրա պահանջներն ու սպասելիքները։ Հենց այստեղ աշխատող մարդկանց որակն է այս ակումբն այդքան յուրահատուկ դարձնում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ իմ հանդեպ ունեցած վստահության համար։ Ուզում եմ, որ մենք հաղթենք, ցուցադրենք գեղեցիկ ֆուտբոլ և հաճույք ստանանք ճնշումից»,- նշել է Մարեսկան։
Հիշեցնենք, որ Մարեսկան նախկինում եղել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը, իսկ ավելի ուշ աշխատել է որպես Գվարդիոլայի օգնական։ Նա գլխավորել է նաև «Պարման», «Լեսթերը» և «Չելսին», որտեղից հեռացել է հունվարին։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր, որ «քաղաքայինները» Մարեսկայի տեղափոխության դիմաց 20 միլիոն եվրո փոխհատուցում կվճարեն լոնդոնյան ակումբին։
Հավելենք նաև, որ «կապույտների» ղեկին իտալացի մասնագետը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության հաղթող։









