Foto

Վոլգոգրադում արտադրական օբյեկտի վրա հասցված հարվածից 10 մարդ է տուժել

Վոլգոգրադի Կրասնոօկտյաբրսկի շրջանում գտնվող արտադրական օբյեկտի վրա հասցված հարվածի հետևանքով տուժել է 10 մարդ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։

«Վնասվել են Կրասնոօկտյաբրսկի շրջանում գտնվող Վոլգոգրադի ձեռնարկություններից մեկի արտադրական օբյեկտները։ Այս պահին հայտնի է 10 տուժածի մասին։ Բոլորը տեղափոխվել են շտապ բուժօգնության հիվանդանոց՝ վնասվածքների աստիճանը գնահատելու համար։ Բժիշկների նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է Բոչարովը։

Առաջացած տեղային հրդեհներն արագ մարվել են։ Բնակելի շենքեր չեն վնասվել, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Մարզպետը հանձնարարել է ճշտել դեպքի բոլոր հետևանքները, մասնավորապես՝ վերջնականապես պարզել տուժածների թիվը և ապահովել նրանց անհրաժեշտ օգնությունը։

Հիշեցնենք, որ Վոլգոգրադի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ էր բռնկվել արտադրական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում։