ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Իրանին այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել բեռնատար նավ։
Հաղորդվում է, որ թիրախավորվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, ինչպես նաև նեղուցի շրջանի առափնյա ռադարները։ Դրանից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան դիրքերին։
«Իրանական ուժերի անհիմն ագրեսիան առևտրային նավագնացության դեմ ակնհայտորեն խախտել է հրադադարի ռեժիմը», – X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «Իրանի վտանգավոր գործողությունները սպառնում են նավագնացության ազատությանը, քանի որ այս կենսական նշանակություն ունեցող միջազգային առևտրային միջանցքով տեղափոխվում են ավելի ու ավելի մեծ ծավալի բեռներ»։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը նաև նշել է, որ ամերիկյան զինված ուժերը «կշարունակեն ապահովել նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգ տեղաշարժի համակարգումն ու աջակցությունը»։
ԻՀՊԿ-ն իր հերթին հայտնել է, որ պատասխանել է ամերիկյան հարվածներին՝ հարվածներ հասցնելով ԱՄՆ զորքերի դիրքերին, սակայն մանրամասներ չի ներկայացրել։
Իրանի զինված ուժերը, ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման, հարվածներ են հասցրել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերի դիրքերին, հայտնում է Tasnim-ը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանին կպատասխանի «ուժին՝ ուժով»։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բաց մնալ հուշագրի շուրջ առկա տարաձայնությունների քննարկման համար։









