Foto

Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայող Ս.Խ.-ն տեղեկանալով Գյումրի քաղաքի բնակչի կողմից հարևանուհուն սպառնալու, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու մասին, մտադրվել է կատարած արարքի համար պատժել Վ.Գ.-ին:

Այդ նպատակով Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին և պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչպես նաև նվաստացրել նրա արժանապատվությունը՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք:

 

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից բացահայտվել է Ս.Խ.-ի կողմից քաղաքացուն խոշտանգելու ևս մեկ դեպք:

Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ս.Խ.-ն հայհոյանք տալու համար Գյումրի քաղաքի բնակչին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին և կատարած արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է նրան:

Ս.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը) (2 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: