Foto

«Համախմբում» կուսակցությունը խնդիր է դրել հասնել իշխանափոխության

«Համախմբումն այլընտրանք չունի» կարգախոսի ներքո հունիսի 9-ին, տեղի է ունեցել «Երիտասարդների կողքին» երտասարդական շարժման համաժողովը, որին հրավիրված էին նաև «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Թևանյանը, Մանվել Եղիազարյանը և Ռուբեն Կարապետյանը:

Վարդան Օսկանյանը, շնորհակալություն է հայտնել երիտասարդական շարժման ներկայացուցիչներին «Համախմբում» կուսակցությանը միանալու որոշում կայացնելու համար: Նա նշել է, որ դա նշանակում է՝ միասին  ճանապարհ են անցնելու  և այդ ճանապարհին փորձելու են երկրում իրական փոփոխություններ իրականացնել:

Օսկանյանի խոսքով՝ «Համախմբում» կուսակցությունը քաղաքական դաշտ է մտնում Հայաստանի և ժողովրդի համար բավականին ճակատագրական, կարևոր և դժվարին ժամանակներում։

-Մի կողմից մեր առջև օրեցօր առավել ծառանում են լրջագույն մարտահրավերներ և երկրում տիրող իրավիճակը դեպի վատն է գնում։ Մենք ունենք նոր սահմանադրություն, որի համաձայն մեր ամբողջ կառավարման համակարգը խարսխվելու է քաղաքական ուժերի վրա, բայց մյուս կողմից էլ  քաղաքական դաշտն աղավաղված ու աղճատված է,-ասել է նա՝ ընդգծելով, որ ժողովուրդը, միանշանակ, ակնկալում է երկրում արմատական փոփոխություններ, բայց մյուս կողմից ժողովրդի մեջ խորագույն հիասթափություն կա և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ այլ տեսակի քաղաքական ուժերի հանդեպ:

Վարդան Օսկանյանը նկատել է, որ իրենց ամենամեծ մարտահրավերն այսօր այս նոր քաղաքական ուժի նկատմամբ ժողովրդի վստահությունը ձեռք բերելն է:

-Ժողովուրդը, իրոք, հիասթափվել է, ինչն արդարացված է: «Համախմբում» կուսակցության  նախաձեռնող խմբի անդամները, որոնք երկար քաղաքական ճանապարհ են անցել, տեսնելով երկրում տիրող իրավիճակը, որոշել են այդ մարտահրավերներին ձեռնոց նետել,-ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ իրենք անպայման հասնելու են իրենց նպատակներին:

-Մենք խնդիր ենք դրել հասնել իշխանափոխության։ Մեր նպատակը շատ պարզ է և հստակ՝ լինել այլընտրանք այսօր իրեն սպառած իշխող քաղաքական ուժերին,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք «Համախմբում» կուսակցությունն ուզում են դարձնել ժողովրդական շարժում, որը բաց է լինելու բոլորի համար:

Վարդան Օսկանյանը նաև տեղեկացրել է, որ կուսակցության համագումարի ընթացքում,  որը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 17-ին, իրենք ներկայացնելու են իրենց ողջ ծրագիրը։

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=tRcg85iAy1w&feature=youtu.be