Foto

Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա․ ԱՄՆ-ն և արաբական երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԱՄՆ-ն և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տարանցիկ տուրքերի սահմանման ցանկացած փորձ։

Այդ մասին նշվում է Մանամայում կայացած նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Նախարարները ընդգծել են Հորմուզի նեղուցի բաց լինելու կարևորությունը՝ նշելով, որ նավագնացության անվերապահ և անսահմանափակ ազատությունը շարունակում է հիմնարար նշանակություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար։ Նախարարները մերժել են նեղուցում որևէ վճարի, հարկի սահմանումը կամ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկացած փորձ», — ասվում է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի քարտուղարության հրապարակած փաստաթղթում։

Կողմերը նաև ողջունել են Օմանի և Միջազգային ծովային կազմակերպության համատեղ նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվել է նեղուցի գոտում մնացած ավելի քան 11 հազար ծովայինի տարհանումը։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Իրանի հետ առևտրային և ներդրումային համագործակցությունը կախված կլինի Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման աստիճանից։